Սեպտեմբերի 6-ին Բեյրութում հայկական կուսակցությունների երիտասարդական եւ Ուսանողական մասնաճյուղերի հարյուրավոր ներկայացուցիչներ Լիբանանում Հունգարիայի դեսպանության շենքի առջեւ կազմակերպեցին բողոքի ցույց ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ազատ արձակելու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու կապակցությամբ: Մասնակիցների ձեռքին էին Հայաստանի եւ Լիբանանի դրոշները, Հունգարիայի կառավարությանն ուղղված պաստառներ` հետեւյալ կոչերով եւ բովանդակությամբ՝
«Դուք խրախուսում եք Ադրբեջանին` իր քաղաքացիների շրջանում սերմանելու ատելություն հայերի հանդեպ», «Դուք դառնում եք գործընկեր կատարված հանցագործության հարցում», «Ներողություն մի խնդրեք, ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Ցույցի ընթացքում ՀՅԴ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Ռամկավար ազատական կուսակցությունների ղեկավարները հանդիպում ունեցան Լիբանանում Հունգարիայի դեսպան Լասլո Վարադիի հետ՝ վերջինիս հանձնելով բողոքագիր, որով դատապարտվում է Հունգարիայի կառավարության կողմից ազերի սպա Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին եւ վերջինիս կողմից Սաֆարովի ներումն ու հերոսացումը: Բողոքագրում, մասնավորապես, նշվում է, որ այդ անբարոյական եւ սադրիչ գործողությունով Ադրբեջանը շարունակում է խրախուսել եւ արդարացնել հայերի դեմ ատելությունը իր քաղաքացիների շրջանում: Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին եւ նրա հերոսացումը դռներ է բացում նոր հանցագործությունների համար էթնիկական հողի վրա: Այն ապացույց է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը Ղարաբաղյան խաղաղ գործընթացի հանդեպ, հատկապես` զինադադարի հաճախակի խախտումների եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում:
Բողոքագրում նշված է նաեւ, որ հայ եւ հունգարական ժողովուրդների բարեկամության պահպանման ոգուն համաձայն, կուսակացությունները կոչ են անում Հունգարիային դատապարտել այդ ամոթալի եւ վտանգավոր արարքները: Բողոքագրում համոզմունք է հայտնվում, որ Հունգարիայի եւ միջազգային հանրության կողմից այդ ահավոր անարդարության ոչ լիարժեք դատապարտումը կխարխլի խաղաղության հաստամանն ուղղված ջանքերը:«Ադրբեջանական իշխանությունների սադրանքները բարձրացնում են զինված հակամարտության հնարավոր սպառնալիքը Կովկասում» - եզրափակում է բողոքագիրը:
Մարդասպան Սաֆարովի գործի վերաբերյալ իրենց վերաբերմունքն են արտահայտել նաեւ Հայաստան-Լիբանան բարեկամության ասոցիացիան եւ լիբանանահայ գործարարների միությունը, որոնք հանդես են եկել հայտարարություններով: Նրանք իրենց վրդովմունքն ու խորը հիասթափությունն են հայտնել Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու եւ Բաքվում նրան ներում շնորհելու փաստի առնչությամբ:
Հայտարարություններում ասվում է, որ այդ խայտառակ գործարքը միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի, արդարադատության սկզբունքի, համամարդկային արժեքների եւ մարդկային արժանապատվության ոտնահարում է եւ վտանգում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը:
Վերջին օրերին լիբանանյան բազմալեզու մամուլը պարբերաբար անդրադառնում է կատարվածին:































