«ՀՀԿ-ն հայ-թուրքական արձանագրությունների ստեղծման հիմնական կողմն է եւ խորհրդարանում, բնականաբար, կողմ է քվեարկելու այդ փաստաթղթին, քանի որ դա մեր ստեղծած փաստաթուղթն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նշելով, որ Հանրապետական կուսակցությունն ի սկզբանե կողմ է եղել արձանագրությունների՝ խելամիտ ժամկետներում վավերացվելու գործընթացին, նա նկատեց, որ, գոնե ՀՀԿ-ն, խորհրդարանում կողմ է քվեարկելու փաստաթղթերի վավերացմանը. «Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս ուժերի դիրքորոշմանը, ապա կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կքվեարկի իր տեսակետների համաձայն»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ, իր հերթին, հավելեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իշխող կուսակցությունն ընդհանրապես, վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը եւ այժմ էլ, հավատարիմ իրենց գործելաոճին, խորհրդարանում կողմ են քվեարկելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։ «ՀՀԿ-ն այն կուսակցություններից չէ, որը շաբաթը մեկ փոխում է իր կարծիքը։ Մենք արձանագրությունների ստորագրումից առաջ էլ կուսակցության խորհրդի նիստում հստակ արտահայտել ենք մեր տեսակետը, եւ այն անփոփոխ է մնում»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։




























