Հունվարի 12-ին ՍԴ-ի կողմից հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական ճանաչելու որոշման մեջ տեղ է գտել մի մեկնաբանություն, որը, չի համապատասխանում իրականությանը: ՍԴ որոշման մեջ մասնավորապես, ասված է. «Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները` „…հաստատել դիվանագիտական հարաբերություններ“ եւ „…բացել ընդհանուր սահմանը“, ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետեւաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում»: Այսինքն, ըստ ՍԴ մեկնաբանության, ստացվում է, որ արձանագրություններում պարտավորություններից մեկը պայմանավորված է մյուսով եւ եթե սահմանը չի բացվում, ապա, ասենք, պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու պարտավորությունն իրավական ուժ չունի: Սակայն նման հերթականություն եւ նման փոխկապվածություն արձանագրություններում գոյություն չունի եւ բոլոր դրույթներն ու պարտավորությունները ունեն նույն կարգավիճակը, որոնք բոլորն էլ հավասարապես ենթակա են կատարման, եթե իհարկե, արձանագրություններն ուժի մեջ մտնեն:
Այս առնչությամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ արձանագրություններում մեկ պարտավորությունը մյուսով պայմանավորված լինելու մասին ոչինչ ասված չէ, եւ դա ՍԴ մեկնաբանությունն է: Նույն հաջողությամբ կարելի է պնդել հակառակը, որ քանի դեռ պատմաբանների ենթահանձնաժողովը ստեղծված չէ, սահմանը չի բացվելու, ինչը նույնպես իրավական առումով սխալ է:
Վ. Կարապետյանը կարծիք հայտնեց, որ նման դրույթ ներառելով իր որոշման մեջ, ՍԴ-ն երեւի որոշել է ՀՀ իշխանության ինչ-ինչ գործողությունների համար դուռ բացել, սակայն դա անլուրջ է:



























