«Ե՛ւ ղարաբաղյան, ե՛ւ հայ-թուրքական խնդիրները շատ բարդ են, եւ ես ճիշտ չեմ համարում բոլոր խնդիրները մեկ զամբյուղի մեջ դնելը»,- նման կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ երկու խնդիրների լուծմանը:
Պուտինի խոսքով, այդ խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը առանց այն էլ շատ բարդ է: «Իսկ եթե մենք դրա հետ միասին բոլորը մի կույտի մեջ հավաքենք, ապա լուծման հեռանկարը ինքնաբերաբար շատ ավելի կհեռացնենք»,- ասել է նա՝ կրկին նշելով, որ մարտավարական ու ռազմավարական տեսանկյուններից նպատակահարմար չի գտնում այդ երկու խնդիրներն իրար կապելը:
ՌԴ կառավարության ղեկավարի խոսքով, Ռուսաստանը ավելի քան որեւէ մեկը, շահագրգռված է տարածաշրջանում հարաբերությունների նորմալացմամբ: «Հսկայական քանակությամբ անտեսանելի թելեր մեզ կապում են եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին: Միլիոնավոր ադրբեջանցիներ եւ միլիոնավոր հայեր ապրում են Ռուսաստանում, այստեղ բարեկամներ ու ընկերներ ունեն: Զարգանում են Ռուսաստանի տնտեսական կապերը այդ երկրների հետ»,- Պուտինի խոսքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, ՌԴ վարչապետի խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքում առկա խնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության լուծմամբ: «Մեզ հայտնի է այն ծանր ժառանգության մասին, որ ունեն Հայաստանն ու Թուրքիան եւ մենք շահագրգռված ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է նա ու հավելել, որ Ռուսաստանը մեծ հույսով է ընդունել այդ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը: «Մեծ հույս ունենք, որ ծայրահեղ մոտեցումների ցանկացած դրսեւորում, որ հիմնված է անցյալի վրա, բանակցությունների ժամանակ կհաղթահարվի»,- ասել է Պուտինը եւ նշել, որ ՀՀ ղեկավարությունը հիմա նույնպես գտնվում է այդ դրական ուղու վրա: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում իր գործընկերների կարծիքներին, եւ իր դերը գործընթացի կարգավորման մեջ այն է, որ աջակցի ցանկացած դրական ջանքի` ուղղված այդ բարդ խնդիրների լուծմանը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը ՌԴ մայրաքաղաք էր այցելել հունվարի 12-ին: Նա բանակցություններ է վարել ՌԴ ղեկավարության հետ:



























