Հայիթին, որտեղ հունվարի 12-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, այսօր կսկսի օգնություն ստանալ մի շարք երկրներից: Մասնավորապես՝ Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Չինաստանն արդեն հայտարարել են, որ բժշկական օգնություն, ինչպես նաեւ փրկարարներ ու ծանր փրկարարական սարքավորումներ են ուղարկում Հայիթի: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Իգոր Շչերբակին, ՌԴ-ն Հայիթի կուղարկի մեծ տրանսպորտային ինքնաթիռ, որում կլինեն նաեւ երկու ուղղաթիռներ` որոնողական աշխատանքների եւ մարդկանց տարհանման համար, ինչպես նաեւ շարժական հոսպիտալ:
Տուժած երկրին ամենազգալի օգնությունը կցուցաբերի ԱՄՆ-ը, այնտեղ ուղարկելով 2 հազար զինվորականների, ինչպես նաեւ նավեր, ուղղաթիռներ եւ տրանսպորտային ինքնաթիռներ:
Կանադան Հայիթիի կառավարությանը կտրամադրի 5 միլիոն կանադական դոլար (4,8 միլիոն ամերիկյան դոլար), ինչպես նաեւ կղզի կուղարկի տրանսպորտային ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ փրկարար նավ` հոսպիտալով: Եվրահանձնաժողովը հայտարարել է 3 միլիոն եվրոյի օգնության մասին:
Նշենք, որ երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի: Ամբողջությամբ ավերվել է երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի 16 աշխատակիցների մահվան մասին: Բացի այդ կազմակերպության 150 աշխատակիցներ այս պահին համարվում են անհետ կորած: Ըստ BBC-ի, ավելի վաղ Հայիթիի նախագահը հայտարարել էր, որ երկրաշարժի արդյունքում մահացել է խաղաղապահ առաքելության ղեկավար Հեդի Աննաբին, սակայն ՄԱԿ-ը դեռեւս չի հաստատել այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Կարիբյան տարածաշրջանի ողջ պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 12-ին` Հայիթիում: 7 մագնիտուդի երկրաշարժին հետեւել են 5,9 եւ 5,5 մագնիտուդի հետցնցումներ: Մայրաքաղաք Պորտ օ Պրենսեում ավերվել են հազարավոր տներ, փլվել է հիվանդանոցի շենքը, տուժել է նաեւ նախագահական նստավայրը եւ առեւտրի նախարարությունը:




























