Հունվարի վերջին կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է Today’s Zaman թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք դիվանագետին, ով ցանկացել է գաղտնի մնալ:
«Ցանկացած համատեղ հռչակագիր, գրավոր կամ բանավոր ձեւաչափով, որին կհանգեն Ռուսաստանում եւ որը հստակ ցույց կտա, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայն են մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հետ, կարեւոր նշաձող կդառնա: Դա ազատություն կտա Թուրքիայի գործողություններին՝ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման առկա ջանքերի շրջանակներում արագ առաջընթացին աջակցելու առումով»,- ընդգծել է դիվանագետը:
Անկարան, որ նախորդ տարի իր համաձայնությունն է տվել Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, հաղթահարելով դարավոր թշնամությունը, որ սկսվեց Առաջին համաշխարհայինի ժամանակ անատոլիական հայերի սպանություններից հետո, պնդում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապվի ղարաբաղյան հակամարտության հետ, գրում է թերթը:
Ինչպես նշվում է, Անկարան հույս ունի, որ վերջին դիվանագիտական ակտիվությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջնարդյունքում կհանգեցնի առաջընթացի ղարաբաղյան հակամարտության գործում եւ հնարավորություն կտա առաջ ընթանալ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում:




























