«ՍԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին իր 7 էջանոց զեկույցում հստակ ներկայացրել է, որ մի շարք կետերի առնչությամբ մտահոգություններ ունի. հակառակ դեպքում զեկույցը կկազմվեր ոչ թե 7 էջ ծավալով, այլ ընդամենը մեկ-երկու տողով»,- հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Նշելով, որ Սահմանադրական դատարանի նման «ռադիկալ քայլն» անակնկալ էր իր համար, նա ընդգծեց, որ չէր սպասում ՍԴ հատկապես այն գնահատականին, որը հաստատեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն միտքը, թե «հայ-թուրքական արձանագրությունների նման փնթի փաստաթուղթ մինչ օրս չի կազմվել»։

«Սահմանադրական դատարանը հստակ ներկայացրել է, որ ԱԺ-ում եւ այլ գերատեսչություններում վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ հետագա ցանկացած որոշում պետք է ներդաշնակ լինի իր կազմած զեկույցին»,- շեշտեց Արամ Կարապետյանը՝ ընդգծելով, որ «Նոր ժամանակների»՝ ՀՅԴ-ից գրեթե չտարբերվող տեսակետն անփոփոխ է մնում. «Այդ փաստաթուղթը չպետք է վավերացվեն ԱԺ-ում կամ պետք է վավերացվեն որոշակի վերապահումներով՝ ԼՂՀ հարցի հետ որեւէ կապի բացառում, սահմանների հարցի առանձին քննարկումներ եւ Ցեղասպանության հարցի՝ օրակարգում մնալու պայման»։

Եզրափակելով՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն ասաց, թե արձանագրություների չվավերացնելուն հասնելն իրենց համար դժվար կլինի, սակայն վերապահումներով վավերացումը լիովին հնարավոր է։