Ճիշտ չէ ղարաբաղյան հարցը կապել հայ-թուրքական երկխոսության հետ, դրանք երկու տարբեր գործընթացներ են,- հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այո, Ռուսաստանը շահագրգիռ է հայ-թուրքական արձանագրությունների շուտափույթ վավերացմամբ, բայց դա չի նշանակում, որ այդ ճանապարհին պետք է արհեստական պահանջներ առաջ քաշվեն»,- հայտարարել է նախարարը։ Նա ընդգծել է, թե որքան շուտ վավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները, այնքան լավ կլինի տարածաշրջանի համար։ «Ռուսաստանն իր հերթին պատրաստ է էներգետիկ եւ հաղորդակցային աջակցություն ցուցաբերել, հենց որ կողմերը պատրաստ լինեն սահմաններ բացմանը»,- հավաստիացրել է նախարարը։
Մեկնաբանելով կարծիքն այն մասին, թե իր այցը Հայաստան եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա փոխկապակցված են, Լավրովն ընդգծել է. «Իմ՝ Հայաստան կատարելիք այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել 1.5 ամիս առաջ Աթենքում, իսկ Էրդողանի այցը Մոսկվա համաձայնեցվել է ընդամենը մի քանի օր առաջ, այնպես որ այդ այցելությունները փոխկապակցված չեն, այնպես, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարի այցը Մոսկվա, որի ընթացքում, իմիջիայլոց, քննարկվելու են ռազմական համագործակցության խորացման հարցեր»։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը դրական է տրամադրված երկկողմ արձանագրությունների շուտափույթ վավերացման ուղղությամբ։ «Հայաստանում դրանց վավերացումը մի փոքր դժվար է, քան Թուրքիայում։ Սկզբի համար դրանք պետք է ներկայացվեին Սահմանադրական դատարան, որն էլ իր որոշումը կայացրեց ընդամենը մեկ օրվա ընթացքում, այն դեպքում, երբ դա կարող էր ավելի երկարաձգել»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ այս փաստը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Հայաստանը ցանկանում է կարճ ժամանակահատվածում վավերացնել արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Թուրքիային, Նալբանդյանը հիշեցրել է, որ դրանք այդ երկրի խորհրդարանում են անցած տարվա հոկտեմբերից։ «Չեմ ուզում հավատալ, որ Թուրքիան դիտմամբ է դժվարացնում գործընթացը»,- նշել է Նալբանդյանը։




























