Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը պատրաստ է համապատասխան աշխատանքներ իրականացնել, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեն, վավերացվելու դեպքում էլ՝ գոնե վերապահումներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, դաշնակցությունը մտադիր է կոչ անել ընտրողներին պահանջով դիմել իրենց պատգամավորներին, որպեսզի վերջիններս դեմ քվեարկեն արձանագրությունների վավերացմանը։ Բացի այդ, ՀՅԴ պատգամավորները պատրաստվում են զրուցել իրենց գործընկերների հետ։ Սրան զուգահեռ կուսակցությունը կաշխատի Ազգային ժողովի կանոնադրությունում համապատասխան փոփոխություններ մտցնել, ինչը օրենսդիր մարմնին թույլ կտա վերապահումներով որոշում կայացնել։ Վահան Հովհաննիսյանը,սակայն չգիտի, թե կոնկրետ երբ են արձանագրությունները ուղարկվելու խորհրդարանի քննարկմանը։




























