«ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական ճանաչելու իր որոշման մեջ, ըստ էության, պատասխաններ է տալիս այն մտահոգություններին, որոնք կան հասարակության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, հավելելով. «ՍԴ որոշումը մեր դիվանագիտական բացթողումների ճշգրտման փաստաթուղթ է»:
Հարցին, թե այդ ինչ բացթողումների մասին է խոսքը, որոնք առկա են արձանագրություններում, կամ արդյո՞ք ՍԴ մեկնաբանությունները որեւէ հիմք կարող են լինել միջազգային հարաբերություններում, Վ. Պողոսյանը պատասխանեց. «Մեր դիվանագիտության շատ կոպիտ սխալն էր փաստացի սահմանների ճանաչման դրույթը արձանագրություններում ամրագրելը: Դա ոչ մի առնչություն չունի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու հետ: Ես չգիտեմ, թե ինչու է նման բան արվել մեր կողմից: Դա ինձ համար ընդունելի չէ»: Սակայն անմիջապես էլ հավելեց, որ նույնիսկ այս տեսքով, ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ուժի մեջ մտնելը բխում է Հայաստանի շահերից եւ դա է պատճառը, որ Թուրքիան ամեն կերպ ձգձգում է դրանց կյանքի կոչումը:




























