ԱԺ էթիկայի հանձնաժողովի դռնփակ նիստում այսօր` սեպտեմբերի 24-ին որոշում է կայացվել ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի դիմումը՝ Սամվել Ալեքսանյանի հետ ունեցած միջադեպի հետ կապված ընդունել վարույթ եւ քննություն սկսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Ժառանգության պատգամավոր, ԱԺ Էթիկյաի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով, վարույթ ընդունվելուց հետո  սկսվում է  քննարկման փուլը: «Հիմա քննություն է տեղի ունենալու, որի համար հանձնաժողովի կողմից պատասխանատու է նշանակվել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Քննարկումներից հետո նոր կընդունվի որոշում խախտման վերաբերյալ: Արդյո՞ք խախտումը առկա է, թե ոչ»,-ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցից) ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների:Գասպարրի ձեռքին եղել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը:Ի պատասխան Վարդգես Գասպարին սկսել է բացականչել. «Ալեքսանյան խուլիգան»: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել:Վարդգես Գասպարին նույն պահին ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն։ Պարզվել է, որ հրողը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի թիկնապահն է: