2011 թ.  պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 145.5 մլրդ դրամ` 99.4%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Այդ մասին  նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ Ազգային Ժողովին ներկայացրած ՀՀ պետական բյուջեի 2011 թ. հաշվետվությունում: Նշենք, որ պաշտպանության բյուջեն ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկեցին դռնփակ նիստում:

Նախորդ տարվա համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 1.4%-ով` հիմնականում պայմանավորված ռազմական կարիքների բավարարման ծախսերի կրճատմամբ:

Հաշվետու տարում ռազմական պաշտպանության դասին հատկացվել է 139.8 մլրդ դրամ` ծրագրվածի 99.5%-ը: Նշված գումարից 139.6 մլրդ դրամն ուղղվել է ռազմական կարիքների բավարարմանը, որը կազմում է ծրագրի 99.5%-ը:

ՀՀ ռազմական կցորդների պահպանմանը հատկացվել է 205.4 մլն դրամ` կազմելով ծրագրի 94.9%-ը: 2010 թվականի համեմատ ռազմական պաշտպանության ծախսերը նվազել են 1.7%-ով:

Արտաքին ռազմական օգնությանը տրամադրվել է 132.6 մլն դրամ կամ ծրագրված միջոցների 95.8%-ը: Այս դասում ներառված` ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչության պահպանման ծախսերը: 

Արտաքին ռազմական օգնության ծախսերը 2.3%-ով գերազանցել են 2010 թվականի ցուցանիշը:

Պաշտպանության ոլորտում հետազոտական եւ նախագծային աշխատանքների դասում ներառված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական եւ

փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 մլրդ դրամ` ապահովելով 92% կատարողական եւ նախորդ տարվա համեմատ ավելանալով 15.7%-ով: