Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուց հետո անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Ղարաբաղի խնդրի լուծմանը։

Թուրքական Bugun կայքէջի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ղարաբաղի խնդրի լուծումը ինչքան էլ իրարից առանձին ընթանան՝ վարագույրի ետեւում երեւում է որ երկու գործընթացները իրար կապված են։ Հայ-թուրքական սահմանը փակվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ Այստեղ քայլ անելու համար պետք խաղաղություն ապահովել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը պետք է վերանա։ Ղարաբաղի „զավթումը“ թող ավարտվի։ Այս պարագայում Հայաստան-Թուրքիա խնդիրը շատ հանգիստ լուծվելու է։ Թուրքիան քայլեր արել է՝ բացել է օդային սահմանները, սկսել բեռնափոխադրումներ։ Ներկայումս Թուրքիայում մեծ քանակությամբ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայաստանցի կա։

Ռուսաստանին եւս մեկ անգամ կոչ եմ անում նախաձեռնությունը պահել Ղարաբաղի խնդրում։ Ես այդ խնդրով պարոն Մեդվեդեւի եւ պարոն Պուտինի հետ շատ բաց խոսել եմ։ Մինսկի համանախագահ եռյակից Ռուսաստանն է, որ ամենաշատ ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Եթե Ռուսաստանը Ղարաբաղի խնդրում նախաձեռնությունը թուլացնի՝ խնդրի լուծումը կդժվարանա»,-նշել է Էրդողանը։