Թուրքահայերը ցանկանում են, որ Ախթամարի եկեղեցին, որ վերակառուցվել եւ վերածվել է թանգարանի, գոնե տարվա մեջ մի օրը բաց լինի հավատացյալների համար՝ աղոթելու եւ կրոնական ծեսեր կատարելու: Այդ մասին NEWS.am-ին ասաց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը:
Ըստ Սերոբյանի՝ այդ օրը կարող է լինել, օրինակ, Վարագա Սուրբ Խաչի տոնը, որն այս տարի նշվելու է սեպտեմբերի 12-ին: «Բայց դեռ որոշակի բան չկա»,- նշեց «Ակոսի» խմբագիրը՝ մեկնաբանելով Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի այն հայտարարությունը, թե Ախթամարի եկեղեցու գմբեթին խաչ չի դրվելու, եւ այն կրոնական նպատակներով չի օգտագործվելու:
Սարգիս Սերոբյանը նշեց, որ ժամանակին խոստացել էին խաչ տեղադրել եկեղեցու վրա, դրա համար անգամ Հայաստանից մասնագետ էր ժամանել Թուրքիա եւ պատրաստել այդ խաչը, սակայն հարցը դեռ տեղից չի շարժվել:
Լրագրողը հիշեցրեց Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի օրինակը, որն այսօր թանգարան է եւ աղոթելու համար փակ է թե՛ քրիստոնյաների, թե՛ մահմեդականների համար՝ չբացառելով, սակայն, որ թուրքական իշխանությունները հայերին հնարավորություն տան եկեղեցում գոնե տարին մեկ անգամ կրոնական ծիսակատարություններ անցկացնել:




























