ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպման ժամանակ քննարկվեցին հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն եւ հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի որակեց: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի եւ կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ եւ միահամուռ դատապարտող արձագանքը:




























