ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման հիմնական հարցերն էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ Դուբլինում կայանալիք՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայցուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը` կառույցի նախագահ դեսպան Աարոն Յակոբի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարաշրջանային զարգացումների, Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի ԱԳ նախարարի եւ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի զրույցի ժամանակ անդրադարձ արվեց ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ:

Նախարարները քննարկեցին անցյալ տարի ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը եւ այդ շրջանակներում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացին: Հունաստանի արտգործնախարարը ներկայացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտգործնախարարի եւ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ է ունեցել Մեքսիկայի, Կուբայի եւ Գվատեմալայի արտգործնախարարների հետ:

Երկկողմ հարաբերությունների խթանմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղար Պատրիցիա Էսպինոսայի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող համատեղ քայլերը՝ իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրեց հաջորդ տարի Մեխիկոյում դեսպանատուն հիմնելու Հայաստանի մտադրության մասին:

Էդվարդ Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Գվատեմալայի ԱԳ նախարար Հարոլդ Կալարերոսի հետ էր: Զրուցակիցները, արձանագրելով հարաբերությունները զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը, անդրադարձան ԱԳՆ-ների միջեւ համագործակցության հաստատմանը, քննարկեցին մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Հարոլդ Կալարերոսին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Գվատեմալա:

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պառիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ: