«ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ հերթական անգամ ապացուցում է այն ճշմարտությունը, որ մեր երկրի բոլոր ոլորտները համակված են խորը համակարգային ճգնաժամով և կաթվածահար են: Առավել ևս դա վերաբերում է Հայաստանում սահմանադրական կարգի գործառությանը»,- ասված է Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Սահմանադրական տխրահռչակ դատարանը բոլոր գողացված, կեղծված, արյունով լվացված հանցագործ ընտրությունները Հայաստանում օրինական հռչակեց: Այսօր նորից փաստվեց, որ սահմանադրությունը ՀՀ-ում ունի ֆիկտիվ բնույթ, իսկ սահմանադրական կարգի փոխարեն իրականում գործում է միայն ավազակապետական կարգը: Ցավով պիտի արձանագրենք, որ Սահմանադրական դատարանի ինստիտուտն ընդամենը կցորդ է չարաբաստիկ ղարաբաղյան կլանի մոտ, որը և օգտագործում է այդ ինստիտուտը՝ իր իշխանությունը պահպանելու համար:

ՀՀ ՍԴ-ն կատարեց հերթական քայլը ազգային դավաճանության խայտառակ գործում: Ավաղ, նույն քայլը կատարեցին և այն քաղաքական ուժերը, որոնք շեղելով ժողովրդի ուշադրությունը գողապետական ռեժիմի ճարտարապետներից, իմիտացիոն պայքարի բեմադրություն ցուցադրեցին ՍԴ շենքի մոտ: Ժողովրդական իմաստությունն ասում է, որ „ձուկը գլխից է հոտում“: Միայն ազատվելով ղարաբաղյան կլանից, կազմաքանդելով ավազակապետական ռեժիմը, մենք կկարողանանք վերականգնել սահմանադրական կարգը երկրում և դրանով իսկ կանխել ազգային դավաճանության յուրաքանչյուր դրսևորում»: