Եղբայրներ` 22-ամյա Ս.Հ-ն եւ 27-ամյա Ա. Հ-ն վիճաբանել են իրենց տատիկի հետ, այնուհետեւ շտապօգնություն հրավիրել եւ վերելակում ու 9-րդ հարկի հարթակում ծեծելով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
22-ամյա Ս.Հ-ին եւ 27-ամյա Ա. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2012թ. հուլիսի 10-ին ժամը 21.20-ի սահմաններում Նորքի 4 զանգվածու գտնվող տանը վիճաբանել են իրենց տատ Վ. Ց-ի հետ եւ շտապ բուժօգնություն հրավիրել: Սակայն սկսել են վիճաբանել շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար կանչված Շտապ օգնության 5-րդ ենթակայանի 52-րդ բրիգադի բժիշկ Մ. Գ-ի հետ, որի ժամանակ շենքի վերելակում, իսկ այնուհետեւ 9-րդ հարկի հարթակում, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Եղբայրների դեմ քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 3-ին:





























