Արմավիր մարզում սեպտեմբերի 26-ին ժամը 12-ի սահմաններում «Կարմիր կամուրջ» ռեստորանի համալիրի բակում ծեծկռտուք հրահրելու եւ կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալված՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի որդու նկատմամբ սեպտեմբերի 29-ին դատարանը որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:
Սեւակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին` Սեւակ Մինասյանը, հինգ ընկերների հետ կռիվ էր եկել ռեստորանի աշխատակիցների վրա:
«Ավելի վաղ հաց էին կերել, փողը չէին տվել, փողը ուզել էին, եկել էր վիճաբանություն էր սարքել, ես էլ եկել էի պարզելու, թե ինչ է եղել, ինչի է կռիվ սարքում, այդպես քաշքաշուկ եղավ»,- պատմել է «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի տնօրեն Միսակ Տեր-Պողոսյանը: Դատախազի որդին օդ է կրակել, քաշքշուկի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել: Ռեստորանի տերը նաեւ պատմեց, որ երկու տարի առաջ նման պատմություն էլի է եղել, բայց դատախազ հայրը բերել է փողը եւ վճարել է. «Երեւի գողական է գնում էլի, նալոգ է դնում վրներս»,- ասել էր նա:
Սեւակ Մինասյանը մոտ 30-31 տարեկան է, ամուսնալուծված է, ունի երկու երեխա: Նա երկու տարի առաջ առաջադրվել էր քաղաքապետի ընտրություններում:
Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն): Սեւակ Մինասյանը ձերբակալվել է:





























