Վանաձոր քաղաքի  «Սուլեյման» հանդամասում սեպտեմբերի 29-ի առավոտյան  բռնկված հրդեհը դեռեւս չի մարվել: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ սեպտեմբերի 29-ի առավոտյան Վանաձորի հեռուստաաշտարակի մոտ բռնկված հրդեհը մարելի չի հաջողվում:

Սեպտեմբերի 29-ի երեկոյան Լոռիի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են մինչեւ մթնելը, այնուհետեւ դադարեցվել են եւ շարունակվել են սեպտեմբերի 30-ի առավոտյան.

«Մենք հրդեհի մեծ մասը մարել ենք, սակայն օջախները այնպիսի տեղեր են, որտեղ հրշեջները չեն կարողանում աշխատել»:

Արթուր Չատինյանի փոխանցմամբ նշված տարածքում այրվում է հիմնականում չոր խոտածածկույթը, իսկ անտառին վնաս չկա: Հրդեհի մասին սեպտեմբերի 30-ին մարզային փրկարարական վարչությունը դարձյալ ահազանգ է ստացել:

Ավելացնենք, որ սեպտեմբերի 29-ին Վանաձորի տարբեր հատվածներում հրդեհի մի շարք դեպքեր են գրանցվել, իսկ երեկոյան ամբողջ քաղաքը պատված էր ծխով:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի