Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում առանձնատուն է հրդեհվել: NEWS.am-ի Տավուշի թղթակիցը հայտնում է, որ մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ ժամը 15:04-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերդի քաղաքապետարանի ետնամասում սեփական տուն է հրդեհվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի պետ Վիկտոր Թադեւոսյանն ասաց, որ հրդեհը նախնական տվյալներով առաջացել է 5 կգ-անոց գազի բալոնի բռնկումից: Գազօջախը միացված է եղել, սակայն բնակարանում մարդ չի եղել, այնուհետ հրդեհը տարածվել է նաեւ հարեւան սեփական տան վրա. «Բնակիչները ուշ են նկատել, որ տուն է վառվում, կողքի տունը երբ վառվել է, նոր են տեսել ու զանգահարել»:
Վիկտոր Թոդեւոսյանի փոխանցմամբ, իենց արդեն հաջողվել է մարել առաջին տան հրդեհը, հիմա աշխատանքներ են տարվում երկրորդ տան տանիքի հդեհը մարելու ուղղությամբ. «Մենք երկրորդ տնից կարողացանք գույքը դուրս բերել, շատ հին տներ են, մի տունը բնակեցված չէ, մյուսում էլ զինվորական է վարձով բնակվում»,- ասաց նա:
Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան, միայն տան տերերից մեկը երբ եկել է տուն ու տեսել կրակը, կորցրել է գիտակցությունը, դեպքի վայր է ժամանել նաեւ շտապօգնության բրիգադը, որն էլ տան տիրոջը ցուցաբերել է բուժօգնություն:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի





























