Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին 2010 թվականի սեպտեմբերի 12-ին կբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական Takvim կայքէջի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն վերջակետ է դրել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու բացման շուրջ ընթացող խոսակցություններին։ Վանի նահանգապետը դեմ է դուրս եկել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային եւ հայտարարել, որ նրա ասածը, թե Ախթամարի Սուրբ Խաչը չի բացվելու, հին խոսքեր են։ «Ախթամարի Ս. Խաչ եկեղեցին 2010 թվականի սեպտեմբերի 12-ին կբացվի կրոնական արարողությունների համար»,-հայտարարել է Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հրաժարվել էր հաստատել Ախթամարի Ս. Խաչը կրոնական արարողությունների համար բացելու՝ Վանի նահանգապետի դիմումը՝ ասելով, որ Ս. Խաչը չկա կրոնական արարողություններ անցկացնելու համար նախատեսված հաստատությունների ցանկում։