Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել: Հաջորդ շաբաթ նրան պետք է վիրահատեն:
Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսության եթերում` Սանտոսը հայտարարել է, որ ողջ մնալու իր հնարավորությունները բավականին մեծ են, հաղորդում է Associated Press-ը: Նա հույս է հայտնել, որ դա կյանքի հերթական փորձություններից է, որն ինքը պետք է հաղթահարի: Նա հավելել է, որ շարունակելու է նախագահի պարտականությունները կատարել մինչեւ բուժման կուրսի ավարտը: Պաշտոնը Սանտոսն ստանձնել է 2010 թվականի հունիսից, գրում է rbc-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղցկեղ էր ախտորոշվել նաեւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին, Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյին եւ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին:
Մոտ կես տարի առաջ վենեսուելական առաջնորդ Ուգո Չավեսը պատմել էր, թե ինչով է բացատրվում լատինաամերիկյան քաղաքական գործիչների այդ «քաղցկեղային համաճարակը»: Ըստ նրա` ամերիկյան հատուկ ծառայությոնները նոր զենք ունեն հակառակորդների համար. միտումնավոր վարակում են քաղցկեղով:




























