Ոստիկանության աշխատակիցները այսօր` հոկտեմբերի 2-ին քաղաքացի Անահիտ Պապյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել եւ նրա որդուն բերման ենթարկել ոստիկանություն: Ինչից հետո Անահիտ Պապյանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 116 թեժ գծին եւ ահազանգել կատարվածի մասին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանի արագ արձագանքման խումբը, հասնելով ոստիկանության համապատասխան բաժին, հանդիպել է տղային՝ տեսնելով նրան ձեռնաշղթաների մեջ: Հետագա զրույցի ընթացքում տղան արագ արձագանքման աշխատակիցներին հայտնել է, որ իրեն իր կամքին հակառակ, կոպիտ կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: Մինչդեռ ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ տղային հրավիրել են ոստիկանություն, ոչ թե բերման ենթարկել: Բացի այդ, նրանք հայտնել են, որ իրենք տղայի չեն ձերբակալել:

ՄԻՊ աշխատակիցներին տղան փոխանցել է, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, բայց նա այդպես էլ չի հասկանում իրեն ոստիկանություն բերման ենթարկելու բուն պատճառը: Իսկ պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցների այն հարցին, թե արդյոք նրա անունը գրանցված է ոստիկանական մարմին բերման ենթարկվածների մատյանում, ոստիկանությունում պատասխանել են, որ գրանցված չէ: Գործը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Առաջիկա զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք: