Շենգենյան գոտու երկրների հետ վիզային ռեժիմի հանման Հայաստանի որոշումը դրական արդյունք կտա: Նման կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, այս մտադրության իրականացումը կխթանի զբոսաշրջության զարգացմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 4-ին Հայաստանի կառավարությունը կքննարկի Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաեւ անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող 4 պետությունների (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա) քաղաքացիները ՀՀ կարող են ժամանել առանց մուտքի վիզայի:

Հայաստանը ներկայում ԵՄ-ի հետ բանակցում է մուտքի վիզայի դյուրացման համաձայնագրի շուրջ՝ հետագայում ընդհանրապես մուտքի վիզաները հանելու նպատակով: Այդ համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար՝ պաշտոնական պատվիրակության անդամներ, գիտնականներ, ուսանողներ,  լրագրողներ,  սպորտի եւ արվեստի գործիչներ, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականներ: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենի մուտքի վիզայի գինը` 35 եվրո, եւ այն անվճար դարձնել վերոհիշյալ կատեգորիաների, ինչպես նաեւ երեխաների ու թոշակառուների համար:

Նշենք, որ ԱՊՀ մի շարք պետություններ նույնպես միակողմանիորեն հանել են ԵՄ-ի հետ մուտքի վիզայի պահանջը (Ուկրաինան՝ 2005թ., Վրաստանը՝ 2006 թ., Մոլդովան՝ 2007 թ.):