Հոկտեմբերի 3-ին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO համակարգիչներ բաժանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե միջոցառումը բացվել է «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետեւ ներկաներին շնորհավորանքի խոսք է ուղղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` անդրադառնալով ծրագրի կարեւորությանը աշակերտների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի կազմակերպիչներին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպել կրթական գործընթացը ժամանակի պահանջներին համահունչ` թույլ տալով աշակերտներին զարգացնել համակարգչային գիտելիքները եւ այդ ճանապարհով լինել առավել տեղեկացված:
Ծրագրի մեկնարկի առիթով աշակերտներին, ծնողներին եւ ուսուցիչներին շնորհավորել է նաեւ «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը` հույս հայտնելով, որ բաշխված համակարգիչները կնպաստեն ուսման մակարդակի բարձրացմանը:





























