«Այն որոշումը, որ ընդունեց Սահմանադրական դատարանը համահունչ է այն հայտարարություններին, որոնք արվել էին ՀՀ նախագահի կողմից թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի իր շրջագայության ընթացքում, թե՛ հոկտեմբերի 10-ի իր ուղերձում»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարցին, թե արդյո՞ք տեսնում եք միտումներ, որ Թուրքիան փորձում է հետաձգել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մինչեւ 2010-ի ապրիլ կամ ավելի ուշ, նախարարը պատասխանել է. «Դա շատ պարզունակ մոտեցում է: Չեմ կարծում, որ կարելի է բաժանել այդպես՝ մինչեւ ապրիլ եւ ապրիլից հետո: Վստահ եմ, Թուրքիայում էլ գիտակցում են, որ 2010թ. ապրիլը աշխարհի վերջին ապրիլը չէ»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարություններին, թե «Հայաստանի հետ տարվում է շատ ակտիվ, բայց անձայն դիվանագիտություն, Ռուսաստանը, որպես առանցքային երկիր, նույնպես գործընթացի մեջ է, խոհանոցում ինչ-որ բաներ պատրաստում են, Է. Նալբանդյանն ասաց.
»Եթե այդ խոսքերի տակ որեւէ մեկը ենթադրում է, որ ինչ-որ դավեր են նյութում մեր մեջքի հետեւում, ապա միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի թիկունքում ոչ մի դավի չեն տրվի՝ ո՛չ անձայն, ո՛չ էլ ձայնավոր: Մենք ասում ենք այն, ինչ կա. այս պրոցեսի սկզբից մինչեւ հիմա եղել է այդպես, եւ այսուհետ նույնպես լինելու է այդպես: Թուրքիայի ղեկավարության հետ մենք քննարկել ենք միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներ: Որևէ այլ խնդիր օրակարգում չկա":
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնման հարցերով զբաղվող ենթահանձնաժողով ստեղծելու դրույթին, որը շատերը համարում են Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու փորձ, ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայաստանը Ցեղասպանության իրողությունը ու միջազգային ճանաչման կարեւորությունը կասկածի տակ չի դրել, չի դնում եւ չի դնի երբեւէ: Երեւի թե այս հայտարարությունները ոմանց ուշադրությունից վրիպել են: Եվ, միգուցե, ուշադրությունից վրիպել են նաեւ համապատասխան ենթահանձնաժողովի վերաբերյալ հայտարարությունները, որ այն զբաղվելու է երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման, փոխվստահության վերականգնմամբ: Կարծեմ վրիպել է ուշադրությունից նաեւ այն հայտարարությունը, որ ես արել էի ԱՄՆ Կոնգրեսում ընթացող Ցեղասպանության ճանաչման ճիգերի վերաբերյալ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի Հայաստանը դուրս գա բանակցային այս գործընթացից՝ հաշվի առնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ «Եթե իրենք (թուրքերը՝ խմբ.) ողջամիտ ժամկետում առանց որեւէ նախապայմանի չվավերացնեն արձանագրությունները, մենք կփորձենք մեր քայլը կատարել», Է. Նալբանդյանը պատասխանել է. «Եթե հավատալու լինեինք ընդդիմախոսների արձանագրությունների հետ կապված հայտարարություններին, ապա Թուրքիան պիտի վաղուց վազելով վավերացներ դրանք: Մեկ բան ակնհայտ է, որ մենք սկսել ենք եւ վարել ենք այս գործընթացը, եւ եկել ենք համաձայնությունների փոխըմբռնմամբ, որ այն վարվում է առանց նախապայմանների: Եթե լինեին նախապայմաններ, ապա մենք չէինք սկսի այս գործընթացը, եւ չէինք գա պայմանավորվածությունների: Այսօր Թուրքիայի վարչապետն էլ է ասում, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, եւ հանկարծակի ավելացվում է, թե վարագույրի հետեւում, սեղանի տակ, մեջքի հետեւը, կարող է պատահի ինչ-որ նախապայմաններ լինեն: Դրան վերջերս լավագույն պատասխանն է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, դրան իր պատասխանն է տվել նաեւ Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարությունը, պատասխանել են նաեւ Ֆրանսիայում: Բոլոր երկրների մոտեցումները ակնհայտ են եւ նույնն են: Հիշենք՝ ինչ էր հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Եվրոպական միության ղեկավարությունը` նույնը: Եթե կողմերից մեկը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ձգձգում է, ուրեմն նշանակում է` իր վրա է վերցնում այս գործընթացի ձախողման դեպքում ողջ պատասխանատվությունը»:
Նախարարն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հնարավոր ռիսկային սցենարներին եւ դրանից բխող գործողություններին՝ նշելով. «Այն, ինչ անում է ցանկացած երկիր՝ այլ պետությունների հետ իր հարաբերություններում՝ մաքսային, հարկային, անվտանգության, օրենսդրական, տնտեսական, եւ այլ լծակների միջոցով, կանի նաեւ Հայաստանը»:




























