Սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը հոկտմեբերի 6-ին հանդիպել է «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական  համաժողովի  մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է  եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց  ցեղասպանության ճանաչման կարեւորագույն գործում. «Ես հետեւել եմ համաժողովի աշխատանքներին եւ գտնում եմ, որ այն չափազանց կարեւոր գործունեություն է իրականացնում: Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի եւ հանրապետության ղեկավարության առաջնային խնդիրներից է: Այն ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլեւ համայն հանրությանը` այսօր եւ հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար»,- նշել է Սեյրան Օհանյանը: Խոսելով ՀՀ զինված ուժերի մարտունակության մասին` Սեյրան Օհանյանը նկատել է, որ այս ընթացքում Հայաստանում իրականացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ ներկայումս շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Երկու զորավարժություններն աննախադեպ են իրենց բնույթով եւ ծավալներով. «Այսօր բանակը մի այնպիսի պատրաստականության մեջ է, որ մենք կարող ենք մեր առջեւ դրված խնդիրները: Իհարկե, մենք ունենք նաեւ բացթողումներ ու թերացումներ, սակայն նաեւ լրատվամիջոցների շնորհիվ մենք չեզոքացնում ենք այդ թերությունները»,- նկատել է պաշտպանության նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին բարձր է գնահատել պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը եւ կարեւորել բանակի դերը մեր հասարակության կյանքում:

Հանդիպման ընթացքում «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական  համաժողովի  մասնակիցները հարցեր են ուղղել Սեյրան Օհանյանին, որոնք վերաբերում էին բանակի ձեռքբերումներին եւ թերություններին, զորակոչի գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների միջեւ համագործակցությանը:

Միջոցառումը եզրափակվել է պարգեւատրման հանդիսավոր արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մի շարք լրագրողներ եւ լրատվամիջոցների ղեկավարներ արժանացել են գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: