Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունն ու դիրքորոշումը ծիծաղելի վիճակի մեջ է դնում իրեն՝ Թուրքիային, եւ հերթական անգամ ապացուցում, որ այդ երկիրն արհեստական պատրվակներ է փնտրում՝ ձգձգելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կառավարող Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այսօր՝ հունվարի 19-ին Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունը, որով թուրքերը քննադատության էին ենթարկում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
«Այդ հայտարարությունը ցույց տվեց Թուրքիայի իրական դեմքը»,- նկատել է Շարմազանովը՝ նկատելով, որ Հայաստանի ՍԴ-ն որեւէ հակասահմանադրական քայլ չի կատարել:
ՍԴ հայտարարությունը, նրա խոսքով, բխում է ՀՀ Հիմնական օրենքից, այնտեղ «հստակ նշված է, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները պետք է հասնեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: Այդ մասին, ըստ Շարմազանովի, բազմաթիվ անգամներ ասել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: "ՍԴ որոշումը Հայաստանի նախագահի դիրքորոշման իրավական ձեւակերպումն է: Իսկ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը անհեթեթ վիճակում է դնում այդ երկրի իշխանություններին, եւ «այդ իմաստով անկեղծ ծիծաղ է հարուցում», նշել է պատգամավորը:




























