Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Այդ մասին հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով, Հայաստանին ձեռնտու է, որ Թուրքիան չվավերացնի արձանագրությունմները, քանի որ Անկարայի այդ անգործությունը դիվիդենտներ է բերելու Երեւանին։
Նա նշել է, որ Հայաստանի ՍԴ որոշումը մոտեցրել է արձանագությունների վավերացումը հայկական խորհրդարանում, իսկ թուրքերի համար հեռացրել։ «Եթե նախկինում նրանք հայտարարում էին, որ այդ գործընթացը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ, այսօր խոսում են ղարաբաղյան հարցում առաջընթացի անհրաժեշտության մասին»,- նկատել է նա։ Սարգսյանի խոսքով, այսուհետ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չի կարող գալ խորհրդարան եւ հայտարարել, որ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանությունից, ճանաչում է սահմանները եւ Կարսի պայմանագիրը։ Քաղաքական գործիչը նկատել է, որ թուրքերի մոտ պետք է փոխվի քաղաքական վեկտորը, իսկ թե որ կողմը, դեռ հայտնի չէ։
Նշենք, որ ՍԴ որոշման մեջ նշվում է, թե արձանագրությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը, իսկ Ցեղասպանության հարցը մնում է օրակարգում։ Հունվարի 19-ին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե հայերը նախապայմաններ են առաջ քաշել։




























