Հայ մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի` թուրք ծայրահեղականների կողմից սպանության երրորդ ամյակի եւ Հայոց Ցեղասպանության 95-րդ ամյակի առթիվ, Եվրոպայի Հայկական Համագումարն իր ջերմ շնորհակալությունն է հայտնել համայն առաջադեմ մարդկությանը, մանավանդ՝ եվրոպական շուրջ տասնյակ պետություններին, կառույցներին եւ քաղաքական կուսակցություններին, որոնք ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը եւ բռնի տարագրությունը, ցավակցել եւ զորակցել են հայ ժողովրդին` իր դեմ իրագործված դաժանության համար:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ հիշատակվում է 2007 թ. հունվարի 19-ին, Պոլսում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի` իր խմբագրատան առջեւ կատարված սպանությունը մի ծայրահեղականի միջոցով, եւ նշվում, որ դա պատահական սպանություն չէր: «Դինքը, մարդու եւ ազգությունների դեմոկրատական իրավունքները պաշտպանելու պատճառով, Թուրքիայի սահմանադրության տխրահռչակ 301-րդ հոդվածը խախտած լինելու համար, այն է` „թուրքերին վիրավորած լինելու“ մեղադրանքով, բազմիցս աղմկարար դատվարությունների ենթարկվեց: Թուրքիայում, փաստորեն, ծայրահեղականությունը պետականորեն բորբոքվում եւ քաջալերվում է ամեն օր:

Թուրքիան ցանկանում եւ հավակնում է դառնալ եվրոպական երկիր եւ Եվրամիության անդամ` շարունակաբար խոստանալով դրական եւ լուրջ քայլեր նախաձեռնել եվրոպական չափանիշներին մոտենալու համար»,- նշել են հայտարարության հեղինակներն ու հավելել. "Թուրքիան նույնիսկ հանդգնում եւ քննադատում է Եվրամիությանը, այն «Քրիստոնեական ակումբի» վերածելու մեղադրանքով, մինչդեռ երկրում շարունակվում է բիրտ հալածանքը հայերի, հույների, ասորիների եւ այլ ազգությունների նկատմամբ: Պատահական չէր, որ Պոլսի Տիեզերական պատիրիարքը, վերջերս, ի լուր աշխարհի, հայտարարեց եւ կրկնեց, որ քրիստոնյա փոքրամասությունները «Քրիստոսի նման խաչվում են Թուրքիայում»:

Ըստ հայտարարության հեղինակների՝ պատահական չէ նաեւ, որ Թուրքիայի լարվածությունը չի պակասում իր հարեւան երկրների հետ. «Թուրքիան տքնաջանորեն քարոզչություն է կատարում, թե „անում է պահանջվածից ավելին“, որ իբր հարեւանների հետ հարաբերություններ է կարգավորվում եւ փորձում է „զրո“-ի հասցնել նրանց հետ ունեցած հարցերը, սակայն թուրքական սայլը տեղից չի շարժվում»:

ԵՀՀ-ն նշում է, որ Թուրքիան, որ համառորեն խուսափում է Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից, միջազգային օրենք խախտելով, շուրջ քսան տարի է արդեն, ծովային ելք չունեցող Հայաստանին շրջափակման է ենթարկել: «Վերջին ամիսների ընթացքում, Թուրքիան, միջազգային հովանավորությամբ եւ երաշխավորությամբ, նախարարական մակարդակով, Հայաստանի հետ ստորագրեց միջպետական համաձայնագիր, սակայն, քիչ ժամանակ անց, Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը սկսեցին հայտարարություններ կատարել իրենց ձեռամբ իսկ ստորագրած համաձայնությունների դեմ` դրանց վավերացումը պայմանավորելով չնախատեսված եւ չհամաձայնեցված նոր նախապայմաններով: Նման անսկզբունքային եւ անպատասխանատու մոտեցումը ոչ միայն աղետաբեր է հարեւան երկրների կամ Եվրոպայի համար, այլ հենց Թուրքիայի բնակչության համար»,- ասված է հայտարարության մեջ: