Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերը՝ կոտրել դարավոր թշնամանքը, այս շաբաթ նոր խոչընդոտների են բախվել։ Թուրքիայի ԱԳՆ բողոքարկել է Հայաստանի ՍԴ կողմից հայ-թուրքական արձանագրությունների մասով հրապարակած որոշումը,- գրում է Financial Times-ը։

Պարբերականը կարծում է, որ «արձանագրությունների վավերացման գործընթացի վրա միջազգային ճնշումն ավելի կմեծանա ապրիլի 24-ի օրերին, երբ Հայաստանը նշում է Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկվածների հիշատակման օրը։ Այս առնչությամբ արձանագրություններում պարունակվում է ամենացավալի կետը՝ պատմական արխիվները եւ փաստերն ուսումնասիրող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը։

Հայաստանի ՍԴ որոշման դեմ Թուրքիայի ԱԳՆ-ի բողոքները վերաբերում են նրա, որ ձեւակերպումներում պարունակվում են արձանագրությունների տառին եւ ոգուն հակասող „նախապայմաններ“։ Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել նման հայտարարությամբ, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը անդրադարձ է կատարել Սահմանադրության այն կետի վերանայմանը, որում խոսվում է Թուրքիայի կողմից մինչ օրս չճանաչված Հայոց ցեղասպանության մասին։ Սակայն այս հարցի վերանայումը ոչ մի կերպ չի փոխում արձանագրությունների բովանդակությունը։

ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման լոբբիով զբաղված հայերը հավաստում են, որ դատարանի որոշումը պայքարելու համար իրենց ավելի մեծ հնարավորություններ կընձեռի։ Ինչպես երեւում է, նրանք կկրկնապատկեն իրենց ուժերն այն ուղղությամբ, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Անկարան իր հերթին ուրախ է գործընթացի ձգձգման մեջ մեղադրել հակառակորդ կողմին։ Թուրքիան, բացի այդ, բացահայտ հասկացնել է տվել, որ չի վավերացնի արձանագրությունները, մինչեւ ԼՂ հարցը չլուծվի։

Այս առնչությամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը դրդել է Մոսկվային եւ Վաշինգտոնին՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա, սակայն նրանք երկուսն էլ հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի ԼՂ հիմնախնդրի հետ»…