Թուրքական խորհրդարանն առաջինը պիտի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, տրամաբանական չի լինի, եթե Հայաստանն առաջինը վավերացնի փաստաթղթերը, քանի որ դա չի օգնի սահմանների բացմանը: «Սահմանը փակել է Թուրքիան, ինքն էլ պիտի բացի»,- ասել է նա:

Պատգամավորը վստահ է, որ, չնայած վավերացման գործընթացի ձգձգմանը, Անկարան, ի վերջո, կգնա այդ քայլին, հակառակ դեպքում միջազգային հանրության կողմից կճանաչվի որպես անհուսալի գործընկեր, իսկ դա լուրջ խնդիրներ կհարուցի:

Խնդիրները, ըստ Գալուստ Սահակյանի, հետապնդում են Թուրքիային եւ այսօր, դա առաջին հերթին քրդական հարցն է: Բայց արձանագրությունների վավերացման ձգձգման գլխավոր պատճառը, իր կարծիքով, Ադրբեջանի դիրքորոշումն է, որին Անկարան չի ցանկանում կորցնել:

Արձանագրությունների վավերացումից հետո, քաղաքական գործչի կարծիքով, Երեւանը Թուրքիայի հետ բոլորովին այլ բանակցային գործընթաց է սկսելու, որ վերաբերում է արձանագրությունների կետերին, մասնավորապես՝ միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը:

Սահակյանը վստահ է, որ այդ ենթահանձնաժողովը չի քննարկելու Հայոց Ցեղասպանության փաստը, եւ խոսքը գնում է Թուրքիայում հայերի թողած մշակութային ժառանգության մասին: