Ինչպես հայտնի է, գալիք տարվա հունվարի 1-ից, համաձայն կառավարության որոշման, տենտեսվարող սուբյեկտները պետք է անցնեն նոր, առավել կատարելագործված ՀԴՄ-ների կիրառման: Սկզբում դրանով կհագեցվեն խոշոր կազմակերպությունները, հետո մնացածը: Ինչքա՞ն կարժենա այդ բարեփոխումն ընդհանուր առմամբ:
Բոլոր 60 հազ. տնտեսվարող սուբյեկտներին ՀԴՄ-ներով հագեցնելը կարժենա 10,8 մլրդ դրամ: ՀԴՄ-ի` 180 հազ. դրամ արժեքի դեպքում մեկ խանութի միջին առեւտրաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է 4,8 մլն դրամ: Սուպերմարկետները բնականաբար ավելի «հարուստ են» գյուղական խանութներից, բայց նրանք մի քանի ՀԴՄ պետք է տեղադրեն:
Կան մշուշոտ տեղեկություններ այն մասին, թե փոքր բիզնեսին ՀԴՄ-ներն անվճար կտրամադրվեն: Սակայն այդ դեպքում պետբյուջեի վրա բեռը մեծ կլինի, քանի որ մենք մանր ու միջին օբյեկտների ողջ լեգեոն ունենք. այսպես, երկրի 12,9 հազ. խանութներից 12,6 –ը դասկարգվում են որպես ՓՄՁ-ներ: Այսինքն, եթե պետությունը նրանց ապահովի այդ ՀԴՄ-ներով, դա նրա վրա կնստի 2,3 մլրդ դրամ...Դա ունի երկու այլընտրանք. կամ փոքրերին «հանգիստ թողնել», կամ էլ ստիպել, որ նրանք ձեռք բերեն ՀԴՄ-ները:
Եթե ընտրվի «հանգիստ թողնելու» տարբերակը, ապա նոր ՀԴՄ-ներով հագեցնելու գաղափարը կկորցնի իմաստը: Հասկանալի է, որ փոքր ձեռնարկությունները բնութագրական են մարզային քաղաքների համար, որտեղ վերահսկողությունն ավելի թույլ է: Ներկայացնենք որոշ տվյալներ մայրաքաղաքում եւ մարզերում ձեռնարկությունների շրջանառության վերաբերյալ:
Եթե առաջին կիսամյակում Երեւանում մեկ խանութի ապրանքաշրջանառությունը միջինը կազմել է ամսական 6 մլն դրամ, ապա մարզերում` 1,5 մլն դրամ: Հաշվի առնենք, որ երկրում խանութների ընդհանուր թվի 68,3%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին:
Մյուս տարբերակլը` ստիպել նրանց ձեռք բերել ՀԴՄ-ները: Եթե մայրաքաղաքում խանութների ընդհանուր առեւտրաշրջանառության միայն 15%-ն է բաժին ընկնում փոքրերին, ապա մարզերում` մոտ 44%-ից (Լոռու մարզ) մինչեւ 98% -ը (Վայոց ձոր): Կարո՞ղ են արդյոք այդ ձեռնարկությունները 180 հազ. դրամ հատկացնել ՀԴՄ-ի համար...
Ինչպիսի՞ն են լինելու այս բարեփոխումների հետեւանքները: Պարզ է, որ օբյեկտների սեփականատերերը ՀԴՄ-ների ձեռք բերման գումարը կփորձեն փոխհատուցել սպառողների հաշվին: Ընդ որում, ամեն ինչ բացասական սցենարով կզարգանա. մանրածախ գները կբարձարան ու այդ մակարդակին էլ կմնան:
Ամփոփելով` կարող ենք մեկ խորհուրդ տալ համապատասխան պետական մարմիններին: Հնարավոր չի՞ լինի արդյոք «հին» ՀԴՄ-ները, որոնցից կազատվեն տնտեսվարողները, հավաքել եւ տալ մարզային ձեռնարկություններին: Թող առաջին տարիներին մարզերում դրանք օգտագործեն: Օրինակ, եվրոպական մայրաքաղաքներից մեկի փոքրիկ խանութներից մեկում տողերիս հեղինակին կտրոնը տրամադրեցին ամենապարզ մեքենայի միջոցով...




























