Թուրքական իշխանությունները, իրենց նախապայմաններով կանգնած լինելով արձանագրությունների ստորագրման գործընթացը ձախողելու ուղու վրա, առիթ էին փնտրում մեղքը իրենցից հեռացնելու եւ Հայաստանի վզին փաթաթելու համար։ Թուրքիայի վարչապետը եւ արտգործնախարարը վերջին շրջանում անընդհատ կրկնում են, որ առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի։ Այս հայտարարություններով արդեն Թուրքիան փակուղի մտցրեց արձանագրությունների վավերացումը՝ իր իսկ կողմից։ Այսպես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, որը թուրքական մամուլում մեծ իրարանցում առաջացրեց։ Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրության մեջ նշել էր, թե հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության մասին Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը հակասում է «արձանագրությունների ոգուն եւ բովանդակությանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»:
Հիշյալ հաղորդագրությունը առիթ տվեց, որ թուրքական մամուլում տեղ գտնեն հրապարակումներ, որտեղ Հայաստանը ներկայացվում է, որպես խաղի կանոնները խախտող եւ հրաժարվում է իրականացնել իր վրա վերցրած պարտավորությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալ հաղորդագրությունը եւ դրանից բխած արձագանքները Հայաստանի նկատմամբ բավականին բացասական տրամադրություններ են ստեղծում։ Բավական է միայն կարդալ թուրքական առաջադեմ լրատվական կայքէջերում հիշյալ հաղորդագրության տակ ընթերցողների մեկնաբանությունները։ Տպավորությունը այնպիսին է, որ Թուրքիան մի չնչին պատրվակի էր սպասում ստեղծելու նման վայնասուն՝ քողարկելու իր անգործունեությունը ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում։ Դժվար է չմտածել, որ սա նախօրոք պլանավորած նախաձեռնություն չէր։ Քանի որ հիշյալ դեպքից օրեր առաջ թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները չեն մտնի խորհրդարան, քանի որ այն միանշանակ մերժվելու է։ Այսպիսով իրենց անգործունեությունը կոծկելու համար թուրքական կողմը դիմում է նման միջոցների՝ այն էլ արտգործնախարարության մակարդակով։
Թուրքիայի արտգործնախարարությանը հաջորդեց Սաուդիան Արաբիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ պակաս սկանդալային հայտարարությունը։ Էրդողանը նույնպես կարծում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրություններում փոփոխություն է արել եւ նրա հայտարարությունը ուղղված է հենց դրա դեմ՝ նշելով որ եթե հայկական կողմը արձանագրությունները չբերի սկզբնական տեսքին՝ արձանագրությունների ապագան մշուշոտ կդառնա կամ կսառեցվի։
Էրդողանի այս հայտարարությունը պարզապես չի իջնում թուրքական հեռուստաընկերությունների էկրաններից, չհաշված լրատվական կայքէջերում առկա դրա վերաբերյալ անտեղի մեկնաբանությունները։
Գործընթացից հետ չմնաց նաեւ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, ով պահանջել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո Թուրքիայի իշխանությունները խորհրդարանից հետ կանչեն արձանագրությունները եւ թուրք ժողովրդից ներողություն խնդրեն։
Ցավոք Թուրքիան շարունակում է իր երկակի քաղաքականությունը, մի կողմից այլ բան է ասում, մյուս կողմից սկսում է լրիվ այլ կերպ վարվել եւ չի հրաժարվում թուրք հասարակության մեջ հային ներկայացնել բացասական տեսանկյունից։ Միաժամանակ, իրականությունը պարզ է. Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի կենտրոնանում արձանագրությունների տեքստի վրա: Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ քննարկմանն են ուղարկվելու իրենց նախնական տեսքով, ինչի մասին, թուրք քաղաքական գործիչներն, իհարկե, քաջ տեղյակ են:
Արթուր Հակոբյան




























