Հունվարի 20-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Է. Նալբանդյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ կողմից հունվարի 18-ի հայտարարության կապակցությամբ: Նախարարը նշել է, որ արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը չհակասելու մասին Սահմանադրական դատարանի որոշման մեջ նախապայմաններ և հիմնարար նպատակի հետ հակասություն տեսնելը առնվազն զարմանք է հարուցում:
Նա մտահոգություն է հայտնել առ այն, որ Թուրքիայում 2009թ. հոկտեմբերից ի վեր վավերացման գործընթացում որևէ առաջընթաց չի նկատվում: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակաբար եւ բացահայտորեն փորձում է նախապայմաններ առաջ քաշել. դա ստեղծում է արհեստական պատրվակների փնտրտուքի տպավորություն եւ վտանգի տակ է դնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը:
Հայաստանի ԱԳ նախարարը, դրական գնահատելով այն փաստը, որ թուրքական կողմը հունվարի 18-ի ԱԳՆ հայտարարությամբ հրապարակավ վերահաստատել է նախապայմաններ առաջադրելու վնասակարությունը` իր թուրք գործընկերոջն առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին եւ ոգուն և արագ առաջ ընթանալ:
Է. Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանում վավերացման գործընթացը` ընթանում է սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: Նա նաեւ վերահաստատել է, որ անհրաժեշտ է, համաձայն ստանձնած հանձնառությունների, հետամուտ լինել արձանագրությունների անհապաղ վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված մտացածին պատրվակներ առաջադրելու գործելաոճից։




























