Հայաստանի կառավարությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերելու Հայիթիի երկրաշարժից տուժյալներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից, 100 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը քննարկվել է հունվարի 21-ի նիստում: Գումարը հատկացվել է 2010թ. պետբյուջեի պահուստային ֆոնդից:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, բազմաթիվ քաղաքացիներ են դիմել կառավարությանը՝ Հայիթիին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Մեկնաբանելով հայ փրկարարների՝ Հայիթի մեկնելու անհնարինության փաստը՝ Սարգսյանը նշել է, որ այդ երկիրն այն ժամանակ պատրաստ չէր ընդունել նման օգնություն:

Այս կերպ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում հայկական կողմը նպատակահարմար է գտել ֆինանսական օգնության ցուցաբերումը: Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար սարսափելի այդ երկրաշարժը տեղի է ունեցել Հայիթիում՝ հունվարի 12-ին: 7 բալ ուժգնությամբ առաջին ցնցմանը հաջորդել են եւս երկու ցնցում: Եւս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ 6,1 բալ ուժգնությամբ: Հզոր ստորգետնյա ցնցումների պատճառով, որ հողին են հավասարեցրել հանրապետության մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, վերջին տվյալներով մահացել է 200 հազար մարդ, 250 հազարը տուժել են, իսկ 1,5 միլիոն մարդ մնացել են անտուն: Երկրի իշխանությունների կանխատեսմամբ՝ զոհերի թիվը կարող է հասնել կես միլիոնի: