«Այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունները եւ ղարաբաղյան հարցը փոխկապակցված են, դեռ արձանագրությունների տակ դրված ստորագրությունների թանաքը չչորացած հայտարարեց հենց ինքը՝ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն. իրականում այդպես էլ կա, այդ երկու հարցերը փոխկապակցված են»,- հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը։

Համոզմունք հայտնելով, որ հա յ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անկասկած կապված է Ղարաբաղի հարցի լուծման հետ եւ դրանք կվավերացվեն միայն ղարաբաղյան հարցի լուծումից հետո, նա նշեց, որ դրանք պետք է դիտարկել ռուս-թուրքական մերձեցման գործընթացում։ «Եթե հիշում եք, ֆուտբոլային դիվանագիտությանը սկիզբ դրվեց հենց Մոսկվայում՝ Սերժ Սարգսյանի եւ Մեդվեդեւի հանդիպումից հետո»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ հայկական կողմն, ի սկզբանե, պատրաստ է եղել Թուրքիայի հետ սահմանների բացման դիմաց զիջումների գնալ Ղարաբաղի հարցում. «Ակնհայտ է, սակայն, որ ղարաբաղյան հարցի բանալին ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի ձեռքերում է, այլ միայն Ռուսաստանի, որն այս մեծ խաղում Հայաստանին օգտագործում է իբրեւ մանրադրամ»,- պարզաբանեց նա։

Ալ. Արզումանյանի կարծիքով, այս տարի Ղարաբաղի հարցով, այնուամենայնիվ, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի՝ չնայած որ Հայաստանը պատրաստ է դրան։ «Մայնդորֆյան հռչակագրի նման որեւէ բան հնարավոր է, բայց որեւէ լուրջ փաստաթուղթ՝ կարծում եմ՝ ոչ»,- եզրափակեց նա։