Հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարը այսօր երեկոյան վերջապես տեղափոխվել է Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Շիրակ» կենտրոնից:

Նշենք, որ անցյալ տարի, նպատակ ունենալով որոշ չափով զսպել Գյումրու կիսափուլ գործարաններից Մինասի մի շարք որմնանկարներ, վերականգնման պատճառաբանությամբ, Երեւան անվերադարձ տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնության դեմ գյումրեցիների բողոքի ալիքը, կառավարությունը հետեւյալ որոշումը կայացրեց.

«Գյումրիի քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված եւ պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները»:

Նախորդ ամիսներին որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնող «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավարությունը բազմիցս բողոքում էր, որ Գյումրիի քաղաքապետարանի կողմից չեն տրամադրվում կնքված պայմանագրով նախատեսված գումարները: Բարեբախտաբար, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը տրամադրել է որմնանկարի վերականգնման եւ տեղափոխման անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցները, եւ այսօր նրա անմիջական մասնակցությամբ ու Գյումրու փրկարարական ծառայության մասնագետների ջանքերով «Հայկական հովվերգությունը» 3 մասով տեղափոխվել է ուր որ նախատեսված էր: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, վերականգնման ավարտական աշխատանքները տեղում իրականացնելուց հետո, որմնանկարը կդառնա Գյումրիի ամենակարեւոր այցեքարտերից մեկը: