«Թուրքիան ուզում է հաստատի, ուզում է չհաստատի արձանագրությունները, դրանից Հայաստանը բացարձակապես վտանգի մեջ չի հայտնվում»,- հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն ու հավելեց. «Ւնչ վերաբերում է միջազգային հանրության նկատմամբ ունեցած մեր ամբողջ կեցվածքին, արդեն ակնհայտ է, որ Հայաստանը տվյալ պարագայում ոչ միայն եղել է նախաձեռնող, սկսող կողմ, այլ նաև պայմաններից ձերբազատված հարաբերությունների հաստատման ինստիտուտի պաշտպան, և հիմա, եթե Թուրքիայի հանրապետությունը հարմար չգտնի վավերացնել, մենք կորցնելու ոչինչ չունենք»:

Վ. Բոստանջյանի խոսքով, հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում հայ գործարար մտքի ու գործունեության համար մեծ հնարավորություններ են բացվում, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է իր օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ կատարի, որը կապահովի երկրի անվտանգությունը: Նա նաեւ ընդգծեց, որ Ազգային ժողովն այդ ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր չի արել: