Հացադուլ հայտարարելուց հետո ճկույթը կտրած դատապարտյալ Կարեն Թառոյանի ինքնախեղման փաստով նախապատրաստվում են նյութեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` նշելով, որ հացադուլ հայտարարած դատապարտյալներն ու կալանավորները գտնվում են առանձին խցում, բժիշկների հսկողության տակ:
Վարչության հանրային կապերի բաժնի տարածած մամուլի հաղորդագրությունում մանրամասնվեած է, թե հացադուլ հայտարարծ կալանավորները ինչ հոդվածներով են ազատազրկված։ Այսպես, հոկտեմբերի 25-ին լրատվական կայքում հրապարակված նամակի հեղինակը, նախկինում երկու անգամ դատապարտված, “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավոր Արթուր Խաչատրյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132հ. 1-ին (մարդու թրաֆիքինգը) եւ 182հ. 1-ին մասի (շորթում) հատկանիշներով) հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին հայտարարել է հացադուլ:
Նա նշել է, որ բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից: Նույն օրը հացադուլ հայտարարելու մասին դիմումներ են ներկայացրել եւս մեկ կալանավոր եւ մեկ դատապարտյալ:
«Կալանավոր Վարդան Դեմիրճյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104հ. 2-րդ մասի 1 եւ 6 կետերով (սպանության փորձ), 185հ. 3-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) եւ 325հ. 1-ին մասի (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով) նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից:
Դատապարտյալ Կարեն Թառոյանը, ով 2005թ. մայիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112հ. 2-րդ մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) 9 տարվա ազատազրկման է դատապարտվել, անհիմն պահանջներ է ներկայացրել: Չնայած դրան` Կ. Թառոյանին հայտնել են, որ պահանջն այնուամենայնիվ կքննարկվի: Կ. Թառոյանը չսպասելով որեւէ պատասխանի, ժամը 01:15-ին կատարել է ինքնավնասում` կտրելով աջ ձեռքի ճկույթի միջին հատվածը: Կ. Թառոյանն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցադրվել է համապատասխան բժշկական օգնություն: Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով «Նուբարաշեն», «Սեւան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել եւ ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր եւ կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը:
Հոկտեմբերի 21-ին հացադուլ է հայտարարել նաեւ ԼՂՀ քրեական օրենսգրքի 177հ. 3-րդ (գողություն) եւ 165հ. 4-րդ (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) մասով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Մխիթարյանը: Քննիչի համապատասխան որոշմամբ նա 31.07.2012թ. ԼՂՀ-ից տեղափոխվել է ՀՀ, քանի-որ Ս. Մխիթարյանի նկատմամբ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: Նա նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից»:
Հատկանշական է, որ հացադուլի ընթացքում բժշկական հսկողությունից դժգոհող ազատազրկվածների զննման վերահսկողության բարելավման մասին մանրամասներ չկան նշված հաղորդագրությունում։
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որ մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից հացադուլ հայտարարած դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը կտրել է իր ճկույթը եւ այն ուղարկել Henaran.am-ի խմբագրություն: Դատապարտյալ հացադուլ էր հայտարարել` բողոքելով իր նկատմամբ կայացրած վճռի եւ ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ:




























