Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, նույնիսկ չի համոզում թուրքերին։ Թուրքական Radikal-ի թղթակից Գյուվեն Էրդալը իր հրապարակման մեջ քննադատում է թուրքական իշխանություններին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելու եւ մեղքը Հայաստանի վրա բարդելու փորձերի համար։

«Ինչո՞ւ այս տեղեկությունը հիմա հայտնի դարձավ։ Չէ՞ որ Սահմանադրական դատարանը ստորագրված արձանագրությունների հետ կապված որոշումը ընդունել է հունվարի 12-ին։ Ինչո՞ւ որոշումից 7 օր հետո ռումբի պես պայթեց այս լուրը։ Որովհետեւ մեր արտգործնախարարությունը կարդաց որոշումը, ծանրութեթեւ արեց, առկա իրավիճակը աչքի տակով անցկացրեց եւ հայտարարություն արեց։ „Շնորհավորանքներ“ մեր արտգործնախարարությանը եւ կառավարությանը։ Ապատեղեկատվության փայլուն օրինակի դեմ հանդիման դուրս եկանք։ Նպատակը՝ իրականությունը խորամանկորեն սխալ ուղով տանելն է։ Թուրքիայի արտգործնախարարությունը ինքն իրե՞ն է փորձում խաբել, թե՞ աշխարհին։ Ո՞րն է ավելի վատ, չգիտեմ։

Խնդիրն այն է, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններ, ըստ սահմանված կարգի, մտել էր Հայաստանի Սահմանդրական դատարան եւ որոշում կայացվել, որ արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ արձանագրությունները չեն հակասում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Իհարկե սա բնական է։ Այդ որտեղի՞ց հանեցինք, որ արձանագրություններում գրված է հայերը պետք հրաժարվեն ճանաչումից։

Այդ դեպքում ինչու՞ է մեր արտգործնախարարությունը հայտնում, որ որոշման մեջ կան նախապայմաններ։

Ահա պատճառը։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնել է ու առաջ չի գնում, որովհետեւ Թուրքիայի այն հույսը, որ Ղարաբաղյան հարցում առաջխաղացումներ կլինեն, չի իրականանում։ Իսկ Անկարան էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել էր Ղարաբաղի խնդրի հետ եւ իրեն գցել անհարմար իրավիճակի մեջ։ Սակայն բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից՝ ոչ մի երկիր չի ընդունում այդ մոտեցումը՝ Ղարաբաղյան հարցի լուծումից հետո վավերացնել արձանագրությունները։ Վերջում Ռուսաստանը հայտնեց, որ ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարբեր խնդիրներ են։

Այսպիսով, Թուրքիան ինքն իր ձեռքով հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացը փակուղի մտցրեց։ Այդ միջոցին Անկարային օգնության հասավ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը։ Ու հիմա Թուրքիայի արտգործնախարարությունը եւ իշխանությունը աշխատում է փուշը գերան սարքելով ու ձվի մեջ մազ փնտրելով՝ պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա։ Կասկածում եմ, որ Թուրքիայից դուրս թուրքերի այս խաղին հավատացողներ լինեն», եզրակացնում է թուրքական Radikal-ը։