Հոկտեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ազգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում» թեմայով հանդիպում-քննարկում:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը «Հայ ընտանիքը եւ նրա ազգապահպան դերը» զեկույցում նշել է, որ դարեր շարունակ ազգային առանձնահատկությունները, հայ լինելու հանգամանքը, ազգային ինքնագիտակցությունը սերունդներին փոխանցվել են ընտանիքի միջոցով, այն եղել է հայապահպանության ամենակարեւոր օղակը։ Նույն գործառույթն այժմ ընտանիքը կատարում է սփյուռքում։ «Այսօր մի փոքր այդ խնդիրը վտանգված է, քանի որ խառնամուսնությունները մեծ թիվ են կազմում, իսկ դրանց արդյունքում ծնված երեխաները՝ որպես տվյալ էթնոսի ներկայացուցիչ, հաճախ ոչ միայն կորցնում են իրենց ֆիզիկական, այլեւ բարոյահոգեբանական առանձնահատկությունները։ Այսօր մենք խնդիր ունենք ընտանիքը պահպանելու ոչ միայն ֆիզիկական, այլեւ ճիշտ, հայեցի դաստիարակություն տալու առումով։ Ինչքան էլ դպրոցը, պետությունը եւ մյուս օղակներն իրենց դերը կատարեն, միեւնույն է, ազգապահպանության հիմնական գործառույթը վերապահվում է ընտանիքին եւ հատկապես մորը։ Եթե այդ շղթայում որեւէ բան խեղաթյուրվում է, ապա մենք ունենում ենք մարդիկ, ովքեր խոսում են հայերեն, սակայն հայ հանրության համար որոշակի առումով կորած անհատներ են»,- նշել է Էդգար Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հոռետես լինել պետք չէ, քանի որ ունենք շատ լավ սերունդ, որն այսօր գիտակցում է պետությանը տեր լինելու իր դերը, հայ լինելը եւ պատրաստ է հասարակական, քաղաքական, ռազմական դաշտում պայքարել պետության եւ հայրենիքի համար։
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը, խոսելով տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմների մասին, անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարվող արտաքին տեղեկատվական հարձակումներին։ Վահրամ Միրաքյանն առանձնացրել է պատմական փաստերի խեղումը, որը ջանասիրաբար արվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից՝ նպատակ ունենալով արդարացնել իրենց գործողությունները։ Ըստ բանախոսի՝ նման տեղեկատվության տարածումը տվյալ երկրներում եւ արտասահմանում առաջին հերթին խնդիր է մեզ համար։ Տեղեկատվության անվտանգության մասնագետի կարծիքով՝ այս իրավիճակում պետք է հստակ հակազդող քայլեր կատարվեն։
Հանդիպման ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաեւ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը («Թուրք-ադրբեջանական քարոզչություն») եւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը («Հայոց բանակ եւ նժդեհյան գաղափարախոսություն»):





























