Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ռազմական Ոստիկանության նիստերի դահլիճում տեղի է ունեցել 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփումը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ տեղակալ Ա. Նազարյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Խաչիկ Ասրյանը, կայազորային ՌՈ բաժինների եւ կենտրոնական ապարատի բաժինների պետերը, անձնակազմը:

Խորհրդակցությունը բացել է ՌՈ պետ, գնդապետ Ս.Ղուկասյանը եւ խոսքը տվել Խաչիկ Ասրյանին: Վերջինս իր ելույթում նախ բեղմնավոր եւ նպատակաուղղված գործունեություն է մաղթել ՌՈ ամբողջ անձնակազմին, ապա լավագույն աշխատակիցներին պարգեւատրել արժեքավոր նվերներով:

Այնուհետեւ իրենց սպասարկվող տարածքում առկա իրավիճակի եւ կատարած աշխատանքների մասին զեկուցել են կայազորային ՌՈ բաժինների ու առանձին բաժանմունքների պետերը: Նշվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում մեծ ծավալի  աշխատանքներ են կատարվել զորամասերում հանցագործությունների եւ պատահարների նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես  նաեւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավվման ուղղությամբ: Չնայած ձեռքբերումներին, հստակ շեշտվել է, որ այս առումով դեռեւս զգալի աշխատանքներ կան իրականացնելու: Կայազորային ՌՈ բաժինների պետերը զեկուցել են նաեւ այն պրոբլեմներն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են ծառայության առավել արդյունավետ կազմակերպմանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները  ՀՀ պաշտպանության փոխնախարարը կարեւորել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքը, նրանց օգնելն ու աջակցելը` որոնք էապես կբարձրացնեն մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը: Հատկապես կարեւորվեց, որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, եթե հրամանատարների հետ համատեղ զինծառայողների համար ստեղծվի բարեխղճորեն եւ գիտակցորեն ծառայելու մթնոլորտ:

Ռազմական Ոստիկանության պետը  հատուկ կարեւորել է աշխատանքների կազմակերպման այն գերակա ուղղությունները, որոնք էապես կնպաստեն ավելի դրական ցուցանիշների հասնելուն: Դրանք են. կանխարգելիչ միջոցառումների անցկացումը, ՌՈ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների խորացումը, սպասարկվող տարածքի զորամասերում օպերատիվ իրավիճակին տիրապետելը, զորամասերից ինքնագլուխ լքած զինծառայողների  եւ հետախուզվողների հայտնա-բերման աշխատանքների ակտիվացումը:

ՌՈ պետը ուշադրություն է հրավիրել նաեւ.

- Կարգապահական մեկուսարաններին փոխարինող նորաստեղծ կարգապահական վաշտերի արագ կազմավորման եւ աշխատանքների կազմակերպման վրա,

- Խիստ ուշադրություն  դարձնել աշնանային զորակոչի աշխատանքների ճիշտ կազմակերպման եւ նորակոչիկների արդար տեղաբաշխման գործընթացի վրա,

- Լինել «նախահարձակ», որպեսզի չհայտնվենք կատարված հանցագործությունները «գրանցողի» դերում:

2012թ. 9 ամիսների ամփոփումը պետք է խթան հանդիսանա տարեվերջյան արդյունքներով հանցագործությունների եւ պատահարների կտրուկ նվազեցմանը:

Խորհրդակցության վերջում 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփման արդյունքներով առանձին աշխատակիցներ պարգեւատրվել են: