Քաղաքաշինության նախարարության պարզաբանել է ներկայացրել Խանջյան-20 հասցեում կառուցվող շենքի փլուզման կապակցությամբ:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի փլուզման առնչությամբ, Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի նկատմամբ, ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով, այս տարվա հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը կազմել է ակտ:
Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված ակտի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի համապատասխան որոշմամբ, «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է:
Մասնավորապես, տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները»:




























