Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարման սխեման զգալի փոփոխության է ենթարկվում: Այս մասին նշել է «Երեւան Ջուր» ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի ջրամատակարարման գծով ճարտարագետ Մյասնիկ Մելքոնյանը:
Այդ շրջանակներում «Շինմաստեր» ՍՊԸ-ն փոխել է 500մմ տրամագծով ջրագծի վրա փոխարինել վթարված փականը:
Մ. Մելքոնյանի ներկայացմամբ, տվյալ խոշոր ջրագծից է սնուցվում Աջափնյակի շուրջ 40 տոկոսը: Ավելին՝ խոսքը տվյալ պարագայում, ըստ էության, վարչական շրջանի ջրամատակարարման սխեմայի զգալի փոփոխության մասին է, որի արդյունքում շահագործումից հանվում է երկու՝ 300մմ եւ 150մմ տրամագծով հին եւ ֆիզիկապես մաշված ջրագծեր: Իսկ դա եւ ջրի կորուստ է, եւ անկանոն ջրամատակարարում: Այստեղից՝ դժվար չէ պատկերացնել իրականացվող աշխատանքներից ակնկալվող դրական արդյունքը: Իսկ դրանից կօգտվեն առաջին հերթին նույն Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Ջանիբեկյան, Լեւոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապ, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան փողոցների եւ հարակից տարածքների բնակիչները, որոնց ջրամատակարարումը կվերսկսվի, ինչպես եւ հայտարարվել էր, հոկտեմբերի 26-ին ուշ երեկոյան:




























