Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Սյունիքում ծանոթացել է պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզպետ Ս. Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցն սկսել է Սիսիանի տարածաշրջանի Շամբ համայնքից, որտեղ դպրոցի շենքի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել է 47 մլն դրամ: Զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարվել է, դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար աշխատանքները կշարունակվեն նաեւ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:
Ավարտին են մոտենում Աղիտու-Շամբ 9,6 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները: Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել էր 790 մլն դրամ: Փոխվարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, զեկուցվել է, որ ասֆալտապատումն ամբողջությամբ ավարտված է, եւ մինչեւ հոկտեմբերի վերջ կավարտվեն նաեւ հարդարման աշխատանքները:
Պետբյուջեից հատկացված 250 մլն դրամով ավարտվել է նաեւ մայրուղուց Քարահունջ համայնք տանող 2,3 կմ դժվարանցանելի ճանապարհի վերանորոգումը: Փոխվարչապետին ներկայացվել են կատարված աշխատանքները, նշվել է, որ համայնքի համար ճանապարհի նորոգումը կենսական նշանակություն ուներ:
Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետի, մի շարք համայնքների ղեկավարների, տարածաշրջանի ՋՕԸ-երի ղեկավարների, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես մյուս մարզպետարաններում անցկացված խորհրդակցություններում, այստեղ եւս քննարկվող հարցերը վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրմանը, 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:
Ներկայացվել են մարզի համայնքներում սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները, զեկուցվել է ծրագրերի ընթացքը: Փոխվարչապետը պարզաբանումներ է ներկայացրել նաեւ համայնքապետերի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը մարզպետի եւ Կապանի նորընտիր քղաքապետ Ա. Հայրապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքում պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին: Ա. Գեւորգյանը եղել է Կապանի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաեւ թիվ 2 ավագ դպրոցի շենքերի շինհրապարակներում, ծանոթացել կատարված աշխատանքերին: Երկու օբյեկտների շինարակական աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ պատասխանատուները զեկուցել են, որ իրականացվում են համաձայն ժամանակացույցի:
Փոխվարչապետին ներկայացվել են նաեւ քաղաքում տարբեր աղբյուրների` պետբյուջեի, համայնքի, բարերարների միջոցներով ներհամայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Վերադարձի ճանապարհին Ա. Գեւորգյանը կանգ է առել Խնձորեսկում, եղել կախովի կամրջի հատվածում, որն անցնում է ձորի վրայով` կապելով Խնձորեսկի երկու «ափերը»: Տեղում համայնքի ղեկավարի հետ քննարկվել են ենթակառուցվածների բարելավման հարցեր` հաշվի առնելով, որ առկա են զբոսաշրջության զարգացման լավ հնարավորություններ:




























