Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել «Հրապարակ» թերթի տեղեկության վերաբերյալ, ըստ որի «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել, քանի որ դժգոհ են տեսակցություններից, ուտելիքից, սանիտարական վիճակից:

Պարզաբանման մեջ նշվում է.

«Հրապարակ» օրաթերթի 26.10.2012թ. համարում տեղեկություն է հրապարակվել, թե «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել, քանի որ դժգոհ են տեսակցություններից, ուտելիքից, սանիտարական վիճակից:

Նախ հայտնենք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն այսօրվա դրությամբ ամենաբարեկարգերից մեկն է: Օրենքով սահմանված կարգով բոլոր դատապարտյալներին տրվում են թե երկարատեւ, թե կարճատեւ տեսակցություններ: Դատապարտյալների կամ հարազատների դիմումների հիման վրա թույլատրվում է խցում փոքր սառնարան ունենալ (ըստ քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգի` փոքր չափերի): Դատապարտյալների որոշ մասը սառնարան ունի:

Ինչ վերաբերում է «պլիտաներին», նշենք, որ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1543-Ն որոշման արգելված իրերի ցանկի 14-րդ կետի` դատապարտյալներին եւ կալանավորված անձանց արգելվում է էկեկտրակենցաղային իրեր ունենալ (բացառությամբ էլեկտրական ածելիների, հեռուստացույցի, ռադիոընդունիչի, առանց ձայնագրման հնարավորության մագնիտոֆոնի եւ փոքր չափերի սառնարանի), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների: Թույլատրվում է նաեւ փակ տաքացուցիչ (առանց պարույրի) ունենալ, եթե քրեակատարողական հիմնարկը չի տաքացվում, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Մասսայական հացադուլի մասին էլեկտոնային լրատվամիջոցներում տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում: Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մեկ կալանավոր է հացադուլ հայտարարելու մասին դիմում ներկայացրել, նշելով, որ բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից»:

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ թերթին են զանգահարել «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները եւ ասել, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել:

«Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր՝ տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը՝ Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում՝ հատկապես միրգը, քաղցրեղենը:

Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել եւ, ամենակարեւորը՝ «անմարդկային վերաբերմունք է»: Այս օրերին հացադուլ են անում նաեւ այլ կալանավորներ, իսկ նրանցից մեկը, որպես բողոքի նշան,  երեկ մատն էր կտրել»,-գրել է թերթը: