2008թ-ի եւ 2012թ-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շարժման միջեւ սարեր-ձորերի տարբերություն կա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա ես չէ, որ պետք է ասեմ, այլ դուք  պետք է տեսնեք: Այն ժամանակվա Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդներից մեկն էր, եթե ոչ հիմնական առաջնորդը: Այսօրվա ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը աստիճանաբար հայտնվում են լուսանցքում եւ սպասում  ինչ-որ ուժի քննարկումների: Կամ ինչպես ասում են վագոնը, որ գնում է ինչ-որ մեկի վագոնից կպնի, որ գնա: Այսինքն` ինքն ընդամենը կցորդ է դառնում»,-ընդգծեց Շարմազանովը:

Լրագրողի ճշտող հարցին, թե ԲՀԿ-ի կցորդը լինելու մասի՞ն է խոսքը, նա պատասխանեց. «Դա դուք ասացիք, ես չասացի: Ես ՀԱԿ-ում բոլորի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ այնտեղ կան սկզբունքային գործիչներ: Սակայն մի մասը եւ շատ դեպքերում պաշտոնապես Կոնգրեսի անունից հանդես եկող անձինք այսօր աստիճանաբար հայտնվում են քաղաքական դաշտի լուսանցքում: Այդ անձինք իրենց հայտարարություններով եւ գործունեությամբ ցույց են տալիս հասարակությանը, որ աստիճանաբար մոտենում են  իրենց քաղաքական կարիերայի մայրամուտը»: