Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ Թուրքիան հավատարիմ կմնա 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների տառին եւ ոգուն: Այդ մասին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է հունվարին 21-ին Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման առանցքում եղել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացը: Հովիկ Աբրահամյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին պատմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ իր հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում:
Պարոն Սեմնեբիի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացը, որն ընթանում է համաձայն սահմանված կարգի եւ առանց անհարկի ձգձգումների: Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ թուրքական կողմը պետք է հետամուտ լինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված քայլերից, հակառակ պարագայում հայկական կողմը պատրաստ է ձեռնարկել համապատասխան համարժեք քայլեր:




























